ALTER-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԹԻՄԻ ԱՅՑԸ ԱԽԹԱԼԱ
ALTER-ի հայաստանյան թիմը ճանաչողական այց է կատարել դեպի Ախթալա (Ծրագրի 1-ին տարածք)։ Այցի հիմնական նպատակն էր հանդիպել Ախթալայի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Թամազյանի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավար Լ.Վարդանյանի հետ: Այցի նպատակն էր ներկայացնել նախագիծը, քննարկել նրա նպատակները, ակնկալիքները և արդյունքները: Բացի այդ, կատարվել է նաև կարճատև այցելություն դեպի համայնքում գտնվող պոչամբար։
Ծրագրի նախնական ներկայացումից հետո, Ախթալա համայնքի ղեկավարը նշեց, որ համայնքը ընդհանուր գիտելիքներից դուրս լավ տեղեկացված չէ պոչամբարների հետ կապված իրավիճակի մասին, թե վթարի դեպքում ինչ աղետալի բնապահպանական հետևանքներ կառաջանան: Ծրագիրը բարձր է գնահատվել համայնքի ղեկավարի կողմից, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը, քանի որ այն ընկնում է համայնքների ավելի մեծ պարտականությունների հետ`մասնակցելու Հայաստանի աղետների ռիսկերի կառավարման ավելի լայն ռազմավարությանը:
Համայնքի ղեկավարի հետ հանդիպումից հետո թիմի անդամները հանդիպեցին լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ինժեների հետ: Ցավոք, այլ հանգամանքներով պայմանավորված, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը չէր կարող ներկա գտնվել հանդիպմանը։ Թիմի անդամները ներկայացրեցին այցի նպատակը, նախագիծը և խնդրեցին ուղեկցել իրենց դեպի «Նահատակ» պոչամբար:
Բոլոր կողմերը համաձայնել են հյուրընկալել ALTER-ի մյուս գործընկերներին, որոնց այցելությունը տեղի կունենա հունիսին: